Մանկական «Եվրատեսիլը» դեռ «հորով-մորով» չարած, արդեն ոչ պակաս թեժ քննարկումներ են ծավալվել նաեւ մեծահասակների «Եվրատեսիլի» շուրջ: Ճիշտ է, դեռ պարզ չէ՝ Հայաստանը կմասնակցի՞ հաջորդ տարի Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլին», թե՞ ոչ: Մենք գրել էինք, որ մեր երգիչ-երգչուհիների աչքը վախեցած է Էմմիի պարտությունից հետո, եւ ոչ մեկը չի համարձակվում ստանձնել այդ պատասխանատվությունը՝ բա որ հանկարծ Ադրբեջանում պարտությո՞ւն կրեն: Սակայն պարզ է, որ «Եվրատեսիլին» մասնակցելը շատերի երազանքն է: Վերջերս նման պատրաստակամություն էր հայտնել Սոնա Շահգելդյանը, որը նշել էր, որ չնայած ռիսկը մեծ է, բայց անգամ այդ դեպքում պատրաստ է գնալ Բաքու:
«Եվրատեսիլի» հավանական թեկնածուների թվում խոսվում է նաեւ Արամեի մասին, որից էլ փորձեցինք ճշտել իր հավանական թեկնածության մասին. «Իհարկե, ես չեմ որոշողը, բայց, կարծում եմ, Հայաստանը պետք է մասնակցի այդ մրցույթին, որովհետեւ դա միջազգային մրցույթ է, այստեղ միայն Ադրբեջանի ֆակտորը չէ, որ Հայաստանն Ադրբեջանի պատճառով պետք է չմասնակցի: Պետք է մասնակցել՝ պատվով ներկայանալ, առանց ավելորդությունների, առանց թշնամանքի, որովհետեւ սա երաժշտություն է, քաղաքականություն չէ»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից չտրվող անվտանգության երաշխիքներին, ապա, Արամեի կարծիքով, որոշ ժամանակ անց իրենք այլընտրանք չեն ունենա եւ կտան այդ երաշխիքները, որովհետեւ հյուրընկալելու են ոչ միայն հայերին, այլեւ Եվրոպայի շատ ու շատ երկրների ներկայացուցիչների. «Ստացվում է, եթե հայերին երաշխիք չեն տալիս, ուրեմն մնացածին էլ երաշխիք չեն տալիս»: Երգիչը կարծում է, որ եթե անգամ երաշխիք էլ չտան, մենք չպետք է վախենանք գնալ այնտեղ ու ներկայանալ. «Ես չեմ կարծում, որ մեր մասնակցությունը երաշխիքից է կախված, պարզապես Ադրբեջանը, չտալով այդ երաշխիքները, ուզում է մեզ հետ կանգնեցնել այս տարի «Եվրատեսիլին» մասնակցելուց, եւս մեկ անգամ ապացուցելով, որ՝ տեսեք, մենք կարող ենք եղանակ ստեղծել: Բայց եթե մեր ներկայացուցիչը վեր կենա-գնա, ողջ-առողջ կվերադառնա, որովհետեւ իրենք իրավունք չունեն եւ չեն կարող ամբողջ աշխարհի աչքի առաջ պատասխանատվություն չկրել այն մասնակցի առաջ, որը ներկայացնում է Հայաստանը»:
Արամեն նշեց, որ ինքն առաջիններից մեկն էր, որ ասել է՝ պատրաստ է ներկայացնել Հայաստանն Ադրբեջանում. «Ես ունեմ այդ ցանկությունը, եթե լինի առաջարկ, մեկ վայրկյան չեմ մտածի եւ կհամաձայնվեմ: Կան մարդիկ, որ ասում են՝ դե, չգիտեմ, Ադրբեջան… էդ ամեն ինչն ավելի շատ է ուժ տալիս, ես պատրաստ եմ գնալ, եթե նույնիսկ Ադրբեջանը երաշխիք չտա»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե մասնակցության դեպքում ինչ երգով, ինչ երաժշտությամբ պետք է ներկայանա, Արամեն նշեց, որ եթե այս հարցին չմոտենանք Ադրբեջանին ինչ-որ բան ապացուցելու տեսանկյունից, ապա պետք է ներկայացնենք լավ երգ՝ եվրոպացուն մոտիկ, հայկական շունչը մեջը, իսկ եթե կոնկրետ ասելու բան կա կոնկրետ երկրի կոնկրետ մարդկանց, ուրեմն «դհոլ-զուռնեն ու կոպալները» պարտադիր պետք է լինեն այդ երգի մեջ. «Բայց եթե ուզում ենք գրավել ոչ միայն ադրբեջանցիներին, այլեւ եվրոպացիներին, պետք է պատրաստենք լավ երգ»:
Մի քանի ամիս առաջ «Եվրատեսիլին» մասնակցելու ցանկություն էր հայտնել նաեւ Հայկոյի կինը՝ Անահիտ Սիմոնյանը, բայց մեզ հետ զրույցում երգչուհին նշեց, որ այժմ ոչ միայն չի մասնակցի, այլեւ կարծում է, որ Հայաստանի մասնակցությունն Ադրբեջանում կայանալիք մրցույթին պետք չէ, քանի որ այդ երկրի հետ մենք դեռ չպարզված հարցեր ունենք, եւ մեր մասնակցի անվտանգությունն այնպես չեն ապահովի, որ խնդիրներ չառաջանան. «Եթե առաջարկ էլ ստանամ, չեմ մասնակցի, որովհետեւ դա սխալ քայլ կլինի: Եթե ուրիշ երկրում կայանալիք «Եվրատեսիլի» մրցույթին ցանկանան, որ ես ներկայացնեմ, հաճույքով կմասնակցեմ, բայց ոչ Բաքվում, որովհետեւ մեր ոտքն այդ հողի վրա չպետք է լինի, առավել եւս, որ իրենք երաշխիքներ չեն տալիս, եւ յուրաքանչյուր քայլափոխի կարող է խոչընդոտ առաջանալ. սրճարան գնալուց մինչեւ հյուրանոցի աշխատակիցների հետ կարող է կոնֆլիկտ լինել, ու ոչ մեկն ապահովագրված չէ դրանից»:
Անահիտի կարծիքով, բացի այդ, Ադրբեջանի կողմից ակնարկ էր նաեւ այն փաստը, որ այս տարի Երեւանում կայանալիք մանկական «Եվրատեսիլին» իրենք չեն մասնակցում, ինչը նշանակում է, որ այդքան էլ տրամադրված չեն մեր հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ, ու եթե անգամ որոշվի Բաքու ուղարկել հայ երգչի, ապա ինքը շատ անհանգիստ կլինի այդ մասնակցի համար:
Անահիտը նշեց, որ Հայկոն նույնպես խորհուրդ է տալիս բոյկոտել եւ չմասնակցել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլին». «Նա էլ չի ցանկանում, որ որեւէ հայ երգիչ մասնակցի Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլին», առավել եւս ինքը չի ցանկանա մասնակցել»:
Մանկական «Եվրատեսիլի» կազմկոմիտեի մամուլի ղեկավար Արտակ Վարդանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին զբաղված են մանկական «Եվրատեսիլի» նախապատրաստական աշխատանքներով, եւ որեւէ քննարկում դեռ չի եղել մեծերի մրցույթի հետ կապված: Հետեւաբար հավանական թեկնածուների անուններ նույնպես չկան, որովհետեւ՝ «դա կարեւոր տեղեկություն է, եւ լուրջ քննարկումից հետո մենք նոր կհայտարարենք», իսկ քննարկումը կկազմակերպվի մանկական «Եվրատեսիլից» հետո:
Ինչ վերաբերում է մամուլում պարբերաբար հայտնվող այն երգիչ-երգչուհիների անուններին, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել, նշեց, որ երգիչներից շատերի ինքնակամ ցանկությունը հաճելի փաստ է, բայց դա ընդամենը իրենց ցանկությունն է. «Հանրային հեռուստաընկերությունը ընդամենը ողջունում է նրանց ցանկությունը եւ հաշվի է առնելու»:
Ցանկացած դեպքում մասնակիցն ընտրվելու է կամ տվյալ երկրի հանրային հեռուստաընկերության կողմից, կամ հեռուստադիտողների քվեարկության միջոցով: Բայց սա հայտնի կդառնա այն ժամանակ, երբ որոշվի՝ Հայաստանը մասնակցելու է Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլին», թե ոչ: